Հայաստան - Թուրքիա միջպետական հարաբերություններ հաստատելու օրակարգն է այցի հիմքում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանի գնահատականն է ընթացող գործընթացին:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Հայաստանի ղեկավարը հույս ունի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։
Վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա մեկնարկեց կեսօրից հետո: Նիկոլ Փաշինյանը արդեն հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Փաշինյան-Էրդողան հանդիպումը, ըստ Ստամբուլում լույս տեսնող հայալեզու «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի, Երևանի ժամանակով 7-ին պետք է մեկնարկեր՝ նախ դեմ առ դեմ ձևաչափով, ապա բանակցությունները կշարունակվեն պատվիրակությունների անդամների մասնակցությամբ՝ ընթրիքի սեղանի շուրջ:
«Քննարկումների կամ բանակցությունների վերաբերյալ հրապարակումներից նախատեսված են միայն գրավոր լինելը, էս պահի դրությամբ համատեղ մամուլի ասուլիս ծրագրված չէ», - ասաց Գոչունյանը:
Կառավարական պատվիրակության կազմում արտգործնախարար Արարատ Միրզոյանն է, հայ - թուրքական կարգավորման հարցով բանագնաց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
Թեև Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են՝ երդմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ հենց երկկողմ բանակցությունները:
Հայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տևել: Ըստ Արա Գոչունյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքն այս պահին ԱՄՆ-ում է, իսկ հանդիպմանը Պատրիարքարանից հոգևորականներ չկային, ներկա էր միայն Հայ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչը:
Վարչապետ - եկեղեցի - կաթողիկոս լարվածության պայմաններում՝ քահանաներ չկային նաև Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ Մայր եկեղեցում, որտեղ վարչապետն այցելել էր մոմ վառելու ու դրա մասին տեսանյութ հրապարակել:
Ի դեպ, եթե Սուրբ Աստվածածին եկեղեցում հայ քահանաներ չդիմավորեցին վարչապետ Փաշինյանին, Ստամբուլի Կապույտ մզկիթում նրան դիմավորեց և ուղեկցեց մահմեդական հոգևորականը:
Որևէ փաստաթղթի ստորագրման մասին, ներկաներից Արա Գոչունյանի խոսքով, վարչապետը չի խոսել: Շեշտը դրել է Հայաստան - Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման վրա:
«Հայաստանում վերջին շրջանում հնչած որոշ հայտարարություններ այստեղ էլ կրկնեց, Ստամբուլում էլ կրկնեց պարոն վարչապետը, մանավանդ այն իմաստով, որ Թուրքիա - Հայաստան հարաբերությունների կարգավորումը արդեն ժամանակի հարց է: Բայց էդ ժամանակը, իհարկե, ուշ կլինի, շուտ կլինի, չի լինի՝ չենք իմանում, մեր ցանկությունն է, ասաց, այսինքն, որ հնարավորինս գործընթացը թափ ստանա», - փոխանցեց Գոչունյանը:
Փաշինյանը տեղեկացրել է, որ Էրդողանի հետ Երևանի առաջ քաշած՝ տարածաշրջանի ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից է ուզում խոսել:
«Ինքը ասաց, օրինակ, երկու տարի առաջ, գուցե նույնիսկ վեց ամիս իր կողմից այսպիսի այցելություն անիրատեսական կարող էր համարվել, իսկ արդեն հիմա իրատեսական է այսպիսի բան, հետևաբար, ասաց, պետք է համբերատար, հետևողական աշխատանք տանել, որպեսզի Թուրքիա - Հայաստան հարաբերությունների էս որակը փոխվի, և նրանց որակի փոփոխությունը արդեն տարածաշրջանի իրադրությունն էլ կարող է պայմանավորի», - ասաց «Ժամանակ»-ի խմբագիրը:
Բայց միևնույն ժամանակ, Գոչունյանի խոսքով, վարչապետը կոչ է արել Էրդողանի հետ այսօրվա հանդիպումից չափազանցված ակնկալիքներ չունենալ. - «Ասաց՝ իրար հետ պետք է մենք քննարկենք, մեզ համար, ասաց, էս պահին կարևորն այն է, որ ... հարցերի շուրջ, ներառյալ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, Հայաստանի դիրքորոշումը առավել ընկալելի լինի Թուրքիային, որ այդ հիման վրա կարելի լինի, այսպես, պայմանական խոսքով, հաշվարկներ անել կամ կանխատեսումներ անել»:
Հայաստանում Փաշինյանի այցը նրա կուսակիցները պատմական են որակում: Օրակարգը կողմերը չեն հրապարակել, բայց նախօրեին վարչապետի թիմակիցները պնդում էին՝ առանցքում հայ - թուրքական կարգավորումն է, սպասում են, որ պայմանավորվածությունները արդյունքի կվերածվեն՝ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սահմանը կբացվի:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան France-Presse-ին հայտնել է, որ կողմերը կքննարկեն համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերը, ինչպես նաև Իրան - Իսրայել հակամարտության տարածաշրջանային հետևանքները։ Ի՞նչ պայմանագիր՝ հայ - թուրքակա՞ն, թե՞ հայ - ադրբեջանականն է նկատի ունեցել պաշտոնյան, հայտնի չէ:
Հնարավո՞ր է փաստաթղթերի ստորագրում. իշխանության ներկայացուցիչները Երևանում չէին շտապում ստամբուլյան բանակցությունների հնարավոր զարգացումներից խոսել:
«Ինչ վերաբերում է փաստաթղթերի ստորագրմանը՝ կապված դիվանագիտական անձնագրեր կրող կամ երրորդ պետության քաղաքացիների՝ Հայաստան և Թուրքիա առանց հատուկ արտոնագրի այցելության հնարավորության հետ, ապա դուք գիտեք, որ մենք ավելի լայն օրակարգ ունենք և մենք, ըստ էության, մշտապես խոսում ենք և շարունակելու ենք խոսել Հայաստան - Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ, բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատման և այդ հարաբերությունների հաստատումից հետո առավել ակտիվ հնարավորություններ ընձեռելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին՝ առևտրային-տնտեսական և այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի Հանրապետության հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Հատկապես աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին չափազանց կարևոր է հարևան երկրների հետ ուղիղ հարաբերությունների հաստատումը՝ առանց երրորդ երկրների միջամտության և միջնորդության», - իր հերթին, ընդգծեց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ընդդիմությունը կարծում է՝ Փաշինյանի իշխանությունը նպաստում է Թուրքիային տարածաշրջանի գլխավոր խաղացողի դեր վերապահելուն, ինչը, «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանի կարծիքով, չի բխում Հայաստանի շահերից:
«Այն հանգամանքը, որ Թուրքիային նաև Հայաստանի իշխանությունների նախաձեռնությամբ բերում են, այսպես ասեմ, որպես Հարավային Կովկասի նայող, հատկապես այն համատեքստում, երբ որ մեր ռեգիոնի բալանսն ապահովող երկու երկրները այսօր մխրճված են պատերազմական գործողություններում՝ Ռուսաստանը՝ Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը՝ Իսրայելի, և ավտոմատ որի պարագայում Ադրբեջանի և Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում բարձրանում էր, և ազդեցությունը, հիմա այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը և այստեղ որպես խնդիրների կամ հարցեր լուծող սարքելը, բնական է՝ որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:
2021-ի վերջից ընթացող կարգավորման գործընթացում ո՛չ Երևանը, ո՛չ Անկարան պաշտոնապես նախապայմաններ չեն դնում, բայց թուրք պաշտոնյաները պարբերաբար հայ - թուրքական կարգավորումը կապում են հայ - ադրբեջանական հաշտեցման հետ, անգամ՝ Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանի ճանաչելուց հետո:
Նիկոլ Փաշինյանը սկսեց իրական ու պատմական Հայաստանի դիսկուրսը, Արևմտյան Հայաստանն, ասաց, Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է:
Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայտարարեց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում:
Նույն՝ թուրքական լրատվամիջոցների հետ այդ հարցազրույցում Հայաստանի վարչապետն անմիջական հարևանների հետ խաղաղությունը կարևորեց:
Բայց կարգավորումը, մեկ է, տեղից չշարժվեց՝ սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան, անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ - թուրքական սահմանը բացելու պայմանավորվածությունն արդեն երրորդ տարին է չի կատարվում:
Արդյոք այս այցով հայ - թուրքական և հայ - ադրբեջանական գործընթացները միմյանցից զատելու հարցում շրջադարձ հնարավոր կլինի ապահովել, ապագան ցույց կտա: Ընդդիմադիրները, սակայն, խիստ թերահավատ են՝ խաղաղության համաձայնագիր կնքելու՝ Ադրբեջանի նախապայմաններից չհրաժարվելը հաշվի առնելով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը չի կասկածում՝ Փաշինյանից մեկ օր առաջ Ալիևի այցը Թուրքիա պատահական չէր, երկու դաշնակիցները ժամացույցներն են ճշգրտել:
«Որևէ դրական ակնկալիք չունեմ, մանավանդ այս զարգացումների ֆոնին: Մի մարդ, որ ասում է՝ «ես մինչև 22 թվականը ֆորպոստի վարչապետ էի, հիմա՝ Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետ եմ», էդ մարդուն մի հատ հարցրեք՝ «այսինքն դու ֆորպոստում հեղափոխություն ես արե՞լ, իշխանության ե՞ս եկել»- հայտարարեց Վարդանյանը:
Ստամբուլահայ խմբագիր Արա Գոչունյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Էրդողանին Հայաստան հրավիրել՝ մասնակցելու հաջորդ գարնանը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Երկու առաջնորդները վերջին անգամ դեմ առ դեմ զրուցել էին Տիրանայում՝ հենց եվրոպացի առաջնորդների այս հավաքի կուլիսներում: