Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտարարում է՝ առաջիկայում կհրապարակվի ՀԷՑ-ը պետականացնելու կոնկրետ ծրագիրը: Դավիթ Խուդաթյանը, սակայն, ո՛չ ժամկետներն է հստակեցնում, ո՛չ հայտնում, թե որ կառույցն է զբաղվում այդ հարցով. և ինչպես է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունն անցնելու կառավարությանը: ՔՊ-ական նախարարը պնդում է՝ այս հարցում հետքայլ չեն անելու:
«Էս որոշման հետ կապված փոփոխություններ չեն ակնկալվում, և փոփոխություններ չեն լինելու, մենք գնալու ենք պետական կառավարում իրականացնելու ճանապարհով, որն ակնհայտ բերելու է որակական փոփոխությունների», - ասաց Խուդաթյանը:
«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը գնել է տասը տարի առաջ: Ընկերությունը սպասարկում է ավելի քան մեկ միլիոն սպառողի: ՀԷՑ-ը պետականացնելու մասին Հայաստանի վարչապետը խոսեց երեք օր առաջ, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում «իրենց ձևերով կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումները կանխելու գործընթացին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կարապետյանի ձերբակալությունից ժամեր անց Փաշինյանը հայտարարում է ՀԷՑ-ը պետականացնելու մասինՍամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էԱյս հարցազրույցից ժամեր անց Կարապետյանը հայտնվեց բանտում, Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները նույն ժամերին նաև հայտարարեցին՝ պետականացնելու են ՀԷՑ-ը: Իշխանականները պնդում են, թե դա կապ չունի Կարապետյանի աղմկահարույց հայտարարության հետ, պատճառը քաղաքացիների դժգոհություններին լուծում տալն է: Նույնն այսօր կրկնեց ոլորտը համակարգող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
«Դժգոհությունը, որի մասին խոսում ենք, թակել է մեր քաղաքացիների մեծամասնության դռները: Քաղաքացիների մեծամասնությունը իսկապես էլեկտրամատակարարման որակի հետ կապված դժգոհություններ ունի: Եվ մենք գնում ենք այդ դժգոհությունների լուծման ճանապարհով, մենք գնում էինք այդ դժգոհությունների լուծման ճանապարհով, երբ քաղաքական հայտնի հայտարարությունները եղան», - ընդգծեց նա:
«Ազատության» հետ զրուցած քաղաքացիները չեն հավատում, որ պետությունն ավելի արդյունավետ կկառավարի և կլուծի առկա խնդիրները ընկերությունում:
Վարչապետի գնահատմամբ՝ ՀԷՑ-ի գործունեության պատճառով Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն այդտեղ դիտավորություն է տեսել: Նաև նշել էր, թե հանձնարարել է ժողովրդին հասցված վնասը վերադարձնելու մեխանիզմներ ստեղծել, կամ ՀԷՑ–ը պետք է ազգայնացվի: Տարածքային կառավարման նախարարությունն է զբաղվել այդ հանձնարարականով, գերատեսչության ղեկավարը, սակայն, չբացահայտեց՝ ինչ են զեկուցել վարչապետին, միայն ասաց՝ ՀԷՑ-ն առողջացնելու տարբերակներ փորձել են, բայց ապարդյուն:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ եթե կառավարությունը որևէ փաթեթավորմամբ ՀԷՑ-ի կառավարումը վերցնի իր ձեռքը, ոչ մի երաշխիք չկա, որ այն արդյունավետ կիրականացվի: Պնդում է՝ չունեն այդպիսի ինստիտուցիոնալ կարողություններ:
Տնտեսագետը մեկ այլ հարց ևս բարձրաձայնում է՝ արդյոք բաշխիչ ցանցերը պետականացնելուց հետո տվյալ սեփականատիրոջը փոխհատուցում կտրամադրեն: Ասում է՝ եթե դա չանեն, հետագայում խնդիրներ կունենա արբիտրաժային դատարաններում:
Նյութի ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.