Մատչելիության հղումներ

Կարապետյանի ձերբակալությունից ժամեր անց Փաշինյանը հայտարարում է ՀԷՑ-ը պետականացնելու մասին

Լրացված

ՀԷՑ-ի ենթակայան, արխիվ
ՀԷՑ-ի ենթակայան, արխիվ

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից ու նրա ձերբակալությունից ժամեր անց վարչապետը հայտարարում է միլիարդատիրոջ ընկերությանը պատկանող ՀԷՑ-ն ազգայնացնելու, պետականացնելու մասին։

«ՀԷՑ-ը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել, և հիմա նաև վերլուծությունը թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ էդ ամեն ինչը արվել է և արվում է Հայաստանում ներքին հանրային ներքին դժգոհություն գեներացնելու համար։ Բայց ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կա՛մ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կա՛մ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն՝ պետականացվի: Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին», - այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ Փաշինյանը Ֆեյսբուքում էր մի գրառում արել՝ զգուշացնելով ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ «Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի», - ասված է գրառման մեջ:

Ինչպե՞ս է պատրաստվում սա իրականացնել Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ Ազգային ժողովում արդեն ՀԷՑ-ն ազգայնացնելու օրենքի նախագիծ կա։

Խորհրդարանական ընդդիմությունը, մինչդեռ, այստեղ օրինական գործընթաց չի տեսնում։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տարակուսում է՝ արդյոք սա ԱԺ-ով լուծելու հարց է, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ՝ ավելացնում՝ որ պայմաններում պետությունը կարող է մասնավոր բիզնեսում մաս ունենալ։

«Եթե կառավարող ուժը նման որոշում կայացնի, խորհրդարանում ունի մեծամասնություն և ունի բոլոր հնարավորությունները նաև խորհրդարանում այդ պրոցեսը իրականացնելու համար, բայց ընթացակարգային առումով չգիտեմ, թե ոնց է իրականացվելու: Հատկապես երբ որ գործընթացը, մեկնարկը ապօրինի է, բնականաբար, մենք չգիտենք՝ ինչ նոր սյուրպրիզներ կլինեն, և այդ ապօրինությունները ինչպիսի դրսևորումներ կստանան», - հայտարարեց Աբրահամյանը:

«Օրենսդրական հիմքեր պետությունը չի ստեղծում, եթե բացենք մեր օրենսդրությունը՝ ազգայնացում կամ պետականացում եզրույթը սահմանված չէ: Եթե պետությունը ցանկանում է մասնակցություն ունենալ ձեռնարկությունների կառավարման մեջ, ապա կարող է այդ ձեռնարկությունների բաժնետոմսերը գնել շուկայական արժեքով՝ բաժնետերերի հետ համաձայնությամբ», - իր հերթին, ասաց Խաչատրյանը:

Հայաստանի էլեկտրական ցանցերը ռուսաստանաբնակ միլիարդատիրոջը պատկանող «Տաշիր գրուպ»-ը ձեռք է բերել 10 տարի առաջ՝ 2015 թվականին։
Ընդդիմադիր պատգավորներն ավելի քան վստահ էին, որ Կարապետյանի հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ անդրադարձ կունենա Հայաստանի՝ միջազգային ներդրումների վրա։

«Սա ընկալում են որպես մարդկանց սեփականության դեմ հարձակում, և ... բավականին վատ ազդեցություն է ունենալու մեր ներդրումային միջավայրի վրա, և Հայաստանի՝ որպես պետություն նաև սա իմիջային մեծ խնդիրներ է ստեղծելու», - նշեց Տիգրան Աբրահամյանը:

«Մենք ունենալու ենք բիզնես միջավայրի էական վատթարացում, մենք ունենալու ենք կապիտալի արտահոսք», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը:

Այս զարգացումներին զուգահեռ՝ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանաձնաժողովը 10 միլիոն դրամով տուգանեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանը։ 12-էջանոց որոշման մեջ մանրամասն նշված էին ընկերության՝ տևական ժամանակ թույլ տված խախտումները։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ այսօրվա որոշումը կապ չունի Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողի հետ։

«Այդպիսի ուղիղ հրահանգների ես չեմ ենթարկվում», - ասաց Մեսրոպյանը:

Մեսրոպ Մեսրոպյանն անցած տարի է ընտրվել այս պաշտոնում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրին» անդամակցությունը սառեցնելուց հետո։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այն ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ Մեսրոպ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչապետն առաջարկել է Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելու պայմանով. - «Նաև Ձեր առջև պայման է դրել՝ խլելու ՀԷՑ-ը, օրինակ»: Մեսրոպյանն արձագանքել էր՝ «նման բան չկա», հեռու է այն մտքից, թե իր գործունեությամբ պետք է ապացուցի, որ ՀԷՑ-ը երկրի թշնամիներից մեկն է։

Քաղաքական հարցերին այսօր Մեսրոպյանը չպատասխանեց՝ չհստակեցնելով նաև՝ արդյոք իր գլխավորած հանձնաժողովի գործողությունները կարող են նպաստել վարչապետի մտադրությունների իրականացմանը:

«Երբ որ կլինի նման քաղաքական որոշում, և դրա արդյունքում, բնականաբար, արդեն կլինեն համապատասխան հիմքեր: Բայց ես առանց էդ քաղաքական որոշմանը սպասելու, մենք առանց էդ քաղաքական որոշմանը սպասելու, բոլոր այն թերությունները, բոլոր այն արձանագրված խախտումները, որ տեսնում ենք ոչ միայն ՀԷՑ-ում, այլ նաև «Գազպրոմ»-ում, այլ նաև «Վեոլիա»-ում, մշտապես ենթակա են մեր վերահսկողությանըև այդտեղից բխող գործողություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահը:

ՀԷՑ-ից ներկայացուցիչ այսօր չէր եկել նիստին։ Ըստ Մեսրոպյանի՝ սա առաջին դեպքն էր։

Օրվա երկրորդ կեսին էլ հայտնի դարձավ, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սանիտարահիգիենիկ ստուգումներից հետո կասեցրել է Կարապետյանին պատկանող «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի 30 կետերից 4-ը: Դրանք այս պահին փակ են, աշխատողներն էլ հրաժարվեցին հարցազրույցներից:

XS
SM
MD
LG