Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը բացառում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կընկրկի ու կհեռանա վեհարանից:
«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետապնդումները հանգեցնեն Վեհափառի հրաժարականին, եպիսկոպոսը պատասխանեց. «Նման բան բացառվում է»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Գարեգին Երկրորդ կաթողիկոսը պետք է լքի վեհարանը, Գուգարաց թեմի առաջնորդն ասաց. «Դա ցնորամտություն է: Վեհարանը կեցավայր է, որևէ մեկն իրավունք չունի այնտեղ մուտք գործել:
Խոսում եք մի մարդու մասին, որին գնահատական տալն ապաշնորհություն է»:
Մի խումբ հոգևորականներ են եկել դատարանի մոտ՝ որպես աջակցություն գործարար Սամվել Կարապետյանին, որի կալանքի միջնորդությունն է քննվում: Այստեղ է նաև կաթողիկոսի եղբայրը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների:
«Ես այստեղ եմ, որ փոխանցեմ ռուսաստանաբնակ հարյուր հազարավոր հայորդիների զորակցությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի բարեպաշտ հայորդիների աղոթական զորակցությունը», - նշեց նա:
Նախօրեին Կարապետյանի՝ եկեղեցու վերաբերյալ աջակցություն հայտնող հայտարարությունից հետո Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց նրա առանձնատանը, ապա նրան մեղադրանք ներկայացվեց: Վարչապետ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել նրան: