Միջազգային, թուրքական և ադրբեջանական մամուլը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին

Թուրքիա - Ստամբուլի օդանավակայանում Հայաստանի վարչապետին ողջունում է պատվո պահակախումբը, 20-ը հունիսի, 2025թ.

«Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների պատմական հանդիպում. Ղարաբաղում պատերազմը փակե՞ց ցեղասպանության թեման», - հարցնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ մանրամասնելով. - «Երկու երկրների դիրքորոշումների մերձեցումը սկսվեց Փաշինյանի կողմից լայնածավալ զիջումներից հետո։ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, հարևանների նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը և ցեղասպանության հարցը օրակարգից հանելը նշանակում են, որ այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման համար»։

BBC -ն միաժամանակ փաստում է, որ չնայած հայկական կողմի զիջումներին, Անկարան ունի նախապայման՝ նախ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Հայկական դիվանագիտության խնդիրն այժմ այս երկու գործընթացները միմյանցից անջատելն է։ Փաշինյանի և Էրդողանի հանդիպման արդյունքները ցույց կտան, թե արդյոք Թուրքիան պատրաստ է դրան», - գրում է BBC-ն:

Le Monde-ը հիշեցնում է, որ երեկ Ադրբեջանի նախագահն էր Թուրքիայում Էրդողանի հետ բանակցությունների համար։ «Իլհամ Ալիևը փառաբանեց թուրք-ադրբեջանական դաշինքը՝ որպես «նշանակալի գործոն ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակով», - փաստում է ֆրանսիական լրատվամիջոցը, հավելելով՝ Էրդողանը կրկնեց իր աջակցությունը «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը»։

Reuters-ը, հղում անելով հայ բարձրաստիճան դիվանագետի, հաղորդում է, որ Փաշինյանն ու Էրդողանը պատրաստվում են քննարկել հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացը, ինչպես նաև՝ իսրայելա-իրանական հակամարտությունը և օտարերկրյա քաղաքացիների տարհանումը Իրանից, որը հարևան է և՛ Հայաստանին, և՛ Թուրքիային։

Associated Press-ը հիշեցնում է, որ սա Փաշինյանի երկրորդ այցն է Թուրքիա, 2023-ին նա մեկնել էր Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու։ Առաջին փորձը չէ նաև հայ - թուրքական հաշտեցման։

«Թուրքիան և Հայաստանը 2009 թվականին համաձայնության եկան պաշտոնական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը երբեք չվավերացվեց Ադրբեջանի ուժեղ դիմադրության պատճառով», - փաստում է Associated Press-ը:

Հայ - թուրքական առաջընթացի հնարավորությանը պետք է զգուշավորությամբ մոտենալ, գրում է թուրքական Daily Sabah-ը, մանրամասնելով՝ թեև երկու կողմերն էլ երկխոսելու պատրաստակամություն են հայտնել, սակայն դեռևս հստակ ճանապարհային քարտեզ ի հայտ չի եկել՝ նրանց երկարատև վեճերը լուծելու համար:

Ադրբեջանական Caliber.az-ը նշում է՝ այս այցն ուղղված է ոչ թուրքերին, ոչ էլ նույնիսկ ադրբեջանցիներին։ Ազդանշանի հիմնական հասցեատերը Արևմուտքն է, որը Երևանից պահանջում է «դրական դինամիկա»։ Նրանց անհրաժեշտ են գեղեցիկ նկարներ, «հալեցման» մասին վերնագրեր, «փոխադարձ հարգանք» և «բաց սահմաններ» բառերով տեքստեր։ Հայ - թուրքական հարաբերությունները, սակայն, կախված են ոչ թե գեղեցիկ խոսքերից, այլ՝ Հայաստանի ղեկավարության կոնկրետ քայլերից, առաջին հերթին՝ պաշտոնական Բաքվի՝ վաղուց հնչեցրած պայմանների կատարման ուղղությամբ, պնդում է Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերով հայտնի լրատվամիջոցը։

Նույնն է պնդել նաև ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն Minval.az-ի հետ զրուցում։ Միաժամանակ, վերլուծաբանը նշել է՝ Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի կնքումն արագացնելու մասին Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրադարձություններն արագ զարգանում են, և մինչ Ռուսաստանը և Իրանը ներգրավված են պատերազմների մեջ, հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, համապատասխանում է ամբողջ տարածաշրջանի շահերին։ Շահինօղլուն կարծիք է հայտնել է, թե հենց այս գաղափարն է այսօր Էրդողանը ներկայացնելու Փաշինյանին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Էրդողանին հրավիրել Երևան հաջորդ տարիՎարչապետի Թուրքիա այցի հիմքում միջպետական հարաբերություններ հաստատելու օրակարգն էԻշխանությունից պատմական են որակում Փաշինյանի այցը Թուրքիա, ընդդիմությունում լավատես չենԽաղաղության հաստատումը նոր զարկ կտա Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին. ԷրդողանՍաֆրաստյան. Թուրքիայի համար կարևոր է, որ հայ - ադրբեջանական պայմանագիրը հնարավորինս արագ ստորագրվի