Եվրոպական երկրները հույսեր են կապում Ժնևում Իրանի արտգործնախարարի մասնակցությամբ բանակցությունների հետ՝ մասնավորապես պատերազմը դադարեցնելու հարցով, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն իրանցի պաշտոնակցին կհանդիպի՝ «բանակցությունների համար ամբողջական դիվանագիտական և տեխնիկական առաջարկ անելու»։ Ելիսեյան պալատի ղեկավարը շեշտել է՝ Ֆրանսիան ու դաշնակիցներ Գերմանիան և Մեծ Բրիտանիան «սեղանին կդնեն դիվանագիտական լուծում»։
Իսրայելը, Միացյալ Նահանգները և այլ արևմտյան պետություններ պնդում են, որ Իրանը մտադիր է ատոմային զենք ստանալ, ինչը պաշտոնական Թեհրանը կտրականապես հերքում է։
Ըստ տարբեր գնահատականների՝ Իրանն ուրանը հարստացրել է մինև 60 տոկոս՝ զգալիորեն գերազանցելով 2015 թվականի համաձայնագրով սահմանված 3.67 տոկոս սահմանաչափը, բայց դեռևս չի հասնում միջուկային մարտագլխիկի համար անհրաժեշտ 90 տոկոսին։