Մոսկվան մտավախություն ունի, որ ՀՀ եվրաինտեգրումը կհանգեցնի ՌԴ օդանավերի համար երկնքի փակման

Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանի խորացող եվրոպական ինտեգրացիան կարող է հանգեցնել իր օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։

«Տեսեք, մենք ներկայումս Եվրամիության հետ օդային երթևեկություն չունենք։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Արդյոք Հայաստանը նույնպե՞ս կփակի իր երկինքը։ Եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա, այո, քանի որ Բրյուսելը ձեզ կասի փակել երկինքը, և դուք կփակեք երկինքը, և դուք այլընտրանք չեք ունենա։ Եվ ի՞նչ», - ՌԴ փոխվարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ պետական գործակալությունը։

Օվերչուկի համոզմամբ՝ հնարավոր սահմանափակումը կազդի զգալի թվով չվերթների վրա և կխաթարի բեռնափոխադրման համակարգը։

«Շաբաթական ահա այս բոլոր հարյուրավոր չվերթները ո՞ւր կգնան։ Թբիլիսիով կանցնեն, պարզ է», - նշել է ռուսաստանցի պաշտոնյան շարունակելով․ - «Նույնը վերաբերում է սահմանով անցնող փոխադրումներին․ գիտեք՝ քանի որ հայկական բեռնատարը կհասնի Վերին Լարս, այնուհետև բեռը կտեղափոխվի բելառուսական կամ ռուսական բեռնատարի, որը կտանի բեռը Ռուսաստան, իսկ հայ վարորդը կվերադառնա Հայաստան։ Ահա այն, ինչ իրականում կարող է տեղի ունենալ»։

Օվերչուկն ընդգծել է՝ սա հաշվի չառնել, չմտածել այս հարցերի շուրջ չի կարելի։

Հայաստանի խորհրդարանը մարտին ընդունեցԵվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։

Մոսկվան ասում է, թե «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկը նշանակում է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ»՝ զգուշացնելով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտարարում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ից հայտարարում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա. «Եվրաքվեից» հակադարձում են՝ եվրաինտեգրումը պետք է գնա առանց այս կառավարության