Այսօր վաղ առավոտյան Ներքին Հանդում մարդիկ արթնացել են ադրբեջանական կրակոցների ձայներից։
5 փամփուշտ Պողոսյանների տան ուղղությամբ է արձակվել։ Բարեբախտաբար վնասվել է միայն տանիքը։ Տանիքը ոչինչ, բայց այստեղ 9 ամսական փոքրիկ է մեծանում։ Հայրը՝ Վահագն Պողոսյանը, ասում է, կրակոցներն անկանոն էին, իրենց տունն էլ ադրբեջանական դիրքերից ուղիղ գծով 100 մետր է։
«Երեկ առավոտն էլ էր, բայց երկու անգամ թեթև», - ասաց նա:
Երեկվա կրակոցների մասին Պաշտպանության նախարարությունը ոչինչ չի հաղորդել, իսկ այսօրվա միջադեպի մասին հայտարարել է՝ առավոտյան 8–9 ընկած հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տուն է վնասվել։ Մարդիկ չեն տուժել։
Ներքին Հանդում ապրող Լուսինե Բաբայանը պատմեց՝ ավելի ուշ են իմացել, որ մի տան տանիք է վնասվել։ Ի դեպ, այստեղ ապրողները բոլորովին այլ ժամ են նշում, ոչ թե 8–9, ինչպես նախարարությունն է նշում, այլ ավելի վաղ՝ մոտ 5։30 րոպեին։ Ինչո՞ւ են լավ հիշում, որովհետև անկողնում են եղել։ Ներքին Հանդում արդեն մի քանի տարի է՝ ադրբեջանական դիրքերն այնքան են մոտեցել, որ այստեղ անասուն պահող չկա, այսինքն՝ շատ վաղ արթնանալու ոչ մի առիթ։
44-օրյա պատերազմից հետո, երբ գյուղը սահմանային դարձավ, շատերը անասնապահությունից հրաժարվեցին։ Գյուղի վերջին մի քանի կովերը պայթեցին ականապատ դաշտերում: Ներքին Հանդում հիմա միայն մեղուներն են ազատ ելումուտ անում։ Գյուղը շուրջ 400 փեթակ ունի։ Գյուղում 45 հոգով են ապրում՝ շուրջ 20 ընտանիք։ 44-օրյայից հետո այստեղ պարբերաբար սեղմվել է օղակը։ 2022-ին էլ ադրբեջանական հարձակման ժամանակ գյուղի հողերը, գերեզմանոցը, խմելու ջրի աղբյուրներն անցան Ադրբեջանի հսկողության տակ։ 3 կողմից ադրբեջանական դիրքերով սեղմված մարդիկ, սակայն, զարմացած են վերջին կրակոցներից, որովհետև շուրջ մեկուկես տարի է՝ այստեղ կրակոցները լռել էին, մինչև երեկ։
«Ոչ կարաս դուրս գաս, ոչ պատսպարվես, մանավանդ մենք, երբ նկուղ չունենք, ապահով տեղ չունենք, էնքան, որ պիտի համբերես, լռի, նոր դուրս գաս», - ասաց Լուսինե Բաբայանը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը միանշանակ չի պնդի, որ Ներքին Հանդի կրակոցները նպատակային են՝ հայ–թուրքական բարձր շփումների մթնոլորտում։ Հնարավոր են նաև այսպես ասած՝ ինքնաբուխ միջադեպեր՝ մոտ դիրքավորված ստորաբաժանումների միջև, բայց ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշման պահել Հայաստանին:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.