Մատչելիության հղումներ

Գյումրիի ավագանին վերջապես հաստատեց տեղական բյուջեն


Գյումրիի ավագանու նիստը, 20-ը հունիսի, 2025թ.
Գյումրիի ավագանու նիստը, 20-ը հունիսի, 2025թ.

Տարին արդեն կես է ընկել, Գյումրիի ավագանին միայն այսօր կարողացավ հաստատել տեղական բյուջեն, որն այս տարի 9 մլրդ դրամը գերազանցեց: 13 տարի անց համայնքապետի պաշտոնին վերադարձած Վարդան Ղուկասյանը իր պաշտոնավորման վերջին ու «Բալասանյան» դաշինքի իշխանության տարիների թվերն էր համեմատել:

«Տեղական վճարներից 17 միլիոն, իրենք՝ 11 միլիոն: Ուրեմն, իմ աշխատած ժամանակահատվածում, երբ 12-13 տարի անցել է, բյուջեի հավաքագրումը խայտառակություն է», - հայտարարեց Ղուկասյանը:

Բյուջեով նախատեսվում է աշխատավարձերի 30 տոկոսով բարձրացում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն, ով շուրջ երեք ամիս համայնքապետի պաշտոնակատար աշխատեց, առաջարկեց նաև ուռճացված հաստիքները կրճատել ու հետաքրքրվեց՝ արդյոք կրճտված կամ ավելացված հաստիքներ կան:

«Հարյուրավոր հաստիքներ կան, որոնք ստեղծվել են էս մարդու բարեկամի, էն մյուսի խնամու, ձեր նշած ընտրություններին ձայն ապահովելու համար, և պարապ հաստիքներ կան: Էդ աշխատավարձերը հիմնականում կարող ենք բարձրացնել՝ էդ հաստիքները կրճատելով», - ասաց Մինասյանը:

«Այո, հորողբեր, քեռի, մորքուր, բան, էդ բաները մեր առջև հիմա դրված է, և ցավում եմ, որ պայմանագրեր են կնքել անժամկետ, որը խայտառակություն է՝ անժամկետ պայմանագիր աշխատանքի կապակցությամբ, էդպիսի բան ո՞նց կարա լինի: Հիմա մենք դրանք բոլորը վերանայում ենք, ովքեր որ ընտրությունների համար ուղղակի հավաքել են մարդկանց քաղաքապետարան, որ ձայներ հավաքեն, դրանք բոլորը կազատվեն աշխատանքից, և արդեն սկսված է էդ գործընթացը», - արձագանքեց Ղուկասյանը:

Տեղական բյուջեի սեփական եկամուտների ապահովագրման համար բացեր կան: Ըստ Ղուկասյանի, արտոնյալներ կան, ովքեր տարիներով հարկեր չեն վճարել: Ասաց՝ բոլորն են վճարելու, սկսած իրենից. - «Ուրեմն մուծելու է Ղուկասյան Գևորգը, Ղուկասյան Վարդանը, հետո էստեղ քաղաքում մի հատ անուն չպիտի լինի, որ հանկարծակի ես չկարողանամ իրանից գումար վերցնեմ»:

Համայնքային բյուջեի միջոցների փոշիացման օրինակներ էլ բերեց: ԴԱՀԿ-ում հիմա գործեր կան, որոնցով տարիներով զբաղվող չի եղել. - «117 միլիոնի 15 թվականից գործեր կա Հարկադիր կատարման ծառայությունում, 117 միլիոնի: Քաղաքապետարանը բանի տեղ չի դրել, էդպես անպետության մատնված գնացել մնացել են»:

Ստվերային գործարքների մասին էլ բարձրաձայնեց: ՔՊ-ն «Բալասանյան» դաշինքի հետ կոալիցիոն հուշագիրը խզելիս հայտարարել էր, թե Գյումրիում ստվերային կառավարում կա, բայց մոտ երկու տարի է չեն ասում՝ ով է ստվերային կառավարիչը:

«Դիտավորյալ ստվեր են ստեղծել, որ էդ ստվերի մեջ միայն ... Ուրեմն երկու բան կա, ամենաառաջինը՝ ստվեր, ուրիշ ոչ մի բան, միայն որպեսզի կարողանան խաղան, աշխատեն, բան, էս կողմ, էն կողմ», - հայտարարեց համայնքապետը:

Բյուջեն ի վերջո ընդունեցին, անցան աշխատավարձերին: Առաջինն, ըստ օրենքի, համայնքի ղեկավարին աշխատավարձն է բարձրանալու, որից էլ մնացած աշխատակիցների աշխատավարձն է սահմանվում: Ավագանին որոշեց առանց զեկուցողի ներկայացնելու այսպես ասած հարցերի մի փաթեթ քվեարկել, ընդ որում՝ բոլոր խմբակցությունները կողմ էին: Քաղաքապետի աշխատավարձի չափը չհրապարակվեց. երբ «Ազատություն»-ը հետաքրքրվեց, թե որքան է կազմելու, Ղուկասյանն այսպես արձագանքեց. - «Ընչի՞ օր, Սաթիկ, կուզես վրես գրե՞ս, գետինը մտնիս ... Ինչքա՞ն էր, ասա, չիդեմ էլ ... 560 հազար»:

ՔՊ խմբակցությունն առաջիկայում արտահերթ նիստ կհրավիրի: Ավագանու անդամներից Քնարիկ Հարությունյանն ասաց, թե ինչ օրակարգով է լինելու այն: Խոսքը մոտ մեկ տարի առաջ ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ օրակարգ բերված՝ Գյումրիի նախկին քաղաքպետերի օրոք 24 անուն գույքի օտարման մասին է, որը համայնքին վերադարձնելու հայցով դիմել են դատարան: Հիմա դատարանը փաստաբանից մեկ այլ գրություն է պահանջում, որ հայցը քննի: Պահանջվող գույքի մեծ մասը Վարդան Ղուկասյանի նախորդ պաշտոնավարման օրոք է օտարվել:

«Այս դեպքում խոսք ունեմ ասելու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցությանը, քանի որ գիտեք, որ այդ գործերով անցնում է նաև պարոն Ղուկասյանը, և եթե դուք դեմ քվեարկեք կամ չմասնակցեք այդ նիստին, դա ուղղակիորեն կնշանակի, որ դուք խոչընդոտելու եք գործի քննության ընթացքին, իսկ այդ դեպքում կլինեն իրավական ու նաև քաղաքական կոշտ գնահատականներ», - հայտարարեց Հարությունյանը:

Վարդան Ղուկասյանը լուռ լսեց ելույթը, հետո միայն հակադարձեց, թե «հասկանանք ինչ գույքեր են, որ փաստաբանին անտեղի փող չտանք». - «Մի հատ էկեք քննարկենք: Եվ ես ասում եմ, որ ավելնորդ քաղաքապետարանից գումարներ է տրվում ուղղակի ինչ-որ քմահաճույք կատարելու կամ քաղաքական պատվեր կատարելու կապակցությամբ, դրա համար քննարկենք»:

Ղուկասյանը խոստացավ՝ առաջիկայում կխոսի, ասելու շատ բան ունի:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG