Բյուջեի կատարողականի փոխարեն՝ խաչակնքման «պատիժ» ու փոխադարձ խայթոցներ. ԱԺ օրակարգն այսօր շեղվեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումից: Առողջապահական համակարգից մինչև եկեղեցու դեմ արշավ ու խաղաղության պայմանագիր. դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթով քննադատեց՝ «ոչ միայն ավելացրել եք պետական պարտքն, այլև զրոյացրել եք ապագա սերնդի ապագան»: Իսկ իշխանության խոստացած խաղաղության պայմանագիրը «թուրք-ադրբեջանական տանդեմին երկրի հանձնում» որակեց:
Քոչարյանը կարող է պատժել խաչակնքվելու համար, դահլիճից հեգնեց իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ինչից հետո ընդդիմություն-իշխանություն լեզվակռիվը շարունակվեց:
Խորհրդարանի օրակարգում իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու վերնախավի միջև սրված տարաձայնություններն էին:
Վերջին շաբաթներին վարչապետի հակակաթողիկոսական կոշտ հռետորաբանությունը տեղափոխվել է գրեթե ամենօրյա ռեժիմի՝ սոցցանցային գրառումներից մինչև համակարգող խումբ ձևավորել նոր կաթողիկոսի ընտրություններ կազմակերպելու համար։ Նրա խորհրդարանական թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ամբողջությամբ սատարում է մոտեցմանը։
«Ոմանց նուրբ հոգիները ցնցվել են վարչապետի բառապաշարից։ Իմ նուրբ հոգին ևս, պար՛ոն վարչապետ, խստորեն դատապարտում է, սակայն ոմանց պարագայում այդ ցնցումն արժանի ցնցում էր, քանի որ արդեն որերորդ տարին է՝ գուբերնատորները, նրանց սպասարկող հոգևորականները, որոշ բլոգերներ կարծում են, թե երբ հարվածներ են հասցնում պետությանը, Դուք պետք է ձեռքերը ներքև պահեք, ինչո՞ւ եք պատասխան հարվածներ հասցնում», - ասաց ՔՊ-ից Մարիա Կարապետյանը:
Նիկոլ Փաշինյանը «խախտել է 2018-ից ի վեր ժողովրդին տված բոլոր ուխտերն ու երդումները» ու հիմա փորձում է գտնել մեղավորների, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագենսա Խամոյանը. «Երբ աշխարհը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին է, Դուք, լինելով երկրին վարչապետ, ստանձնել եք երկրի գլխավոր գինեկոլոգի և ուռոլոգի ֆունկցիաները: ՀՀ-ն պատերազմից հինգ պակաս է, երկրի թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը»:
Իշխանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում Հայաստանի կրոնական ազատության մասին հիշեցրին: «Հայաստան»ա խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Քրեկան օրենսգքրով հակադարձեց, որ կրոնական կազմակերպության գործունեությանն ապօրինի միջամտելը քրեորեն պատժելի արարք է:
«Ցանկացած միջամտություն Հայ Առաքելական եկեղեցու ներքին գործերին ապօրինի միջամտություն է, դուք չգիտե՞ք դրա մասին: Ձեր պայքարն այն ամենի դեմ է, ինչ հայկական», - ասաց նա:
Մինասյանը ժողովրդին կոչ արեց համախմբվել պետականության ու ազգային արժեքների շուրջ և դրսևորել վճռականություն՝ «իրական ժողովրդավարությունը» վերականգնելու համար։ Իշխանության համար ազգային արժեքը պետականությունը, լեզուն, ազգային շահն է, հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու հայտարարեց, թե ընդդիմության ազգային արժեքը թիմակիցների գողոնն ու զավթած կառույցներն են:
Գառնիկ Դանիելյանը կոշտ արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ հոգևորականների կարգերից հնարավոր շեղումները նրանց քննության առարկա չեն, հորդորեց զբաղվել Հայաստանից արտահանվող ապրանքների արգելքով՝ հիշեցնելով, որ էկոնոմիայի նախարարը նույն հարցին տարբեր պատասխաններ է տալիս:
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ chatgpt-ի օգնությամբ է համոզվել՝ ընդդիմությունը կազմաքանդում է Հայաստանը: Ինչպես կազմաքանդել պետությունները ներսի և դրսի ազդեցությամբ հարցին ի պատասխան արհեստական բանակության պատասխաններից մեկն այն էր, որ ազգային դիմադրողականության գործիքներից մեկն ինֆորմացիոն անվտանգությունն է. - «Ինչո՞ւ են բողոքում, որ վարչապետը ստատոսւ է գրում, որովհետև դա ինֆորմացիոն դիմադրողականության ամենուժեղ ողնաշարն է Հայաստանում»:
2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը կշարունակվի վաղը:
Մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.