Մատչելիության հղումներ

Արցախցիները՝ կառավարության շենքի առջև. պահանջում են վերականգնել աջակցության ծրագիրը

Լրացված

40 հազարական դրամի աջակցությունից զրկված արցախցի տիկին Անահիտը մտահոգ է՝ ի՞նչ է անելու հունիսից հետո ուսանող աղջկա հետ միասին։ Ասում է՝ առանց կառավարության աջակցության ո՛չ տանը վարձը կարող են տալ, ո՛չ էլ առօրյա հոգսերը հոգալ։ Տեղահանումից հետո ինքը դեռ աշխատանք էլ չի գտել։

«Աղջիկս համ սովորում է, համ աշխատում։ Ես ոչ էլ թոշակ եմ ստանում», - ասաց նա:

Արցախցիները կառավարությունից պահանջում են վերականգնել ծրագիրը մինչև գոնե սեփական տուն ունենալը։ Թե քանի արցախցի է զրկվել 40 հազարականի աջակցությունից, պաշտոնապես չի հստակեցվել։ Մինչդեռ արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանն ասում է՝ իր հաշվարկներով՝ տեղահանվածների ուղիղ կեսն այդ ցանկում է հայտնվել։

Աջակցությունից զրկված մի խումբ արցախցիներ այսօր բաց նամակ հանձնեցին կառավարությանը։

«Առաջարկում ենք վերանայել ՀՀ կառավարության քաղաքականությունն Արցախից տեղահանված քաղաքացիների նկատմամբ, շարունակել բնակվարձի աջակցության տրամադրումն առանց տարբերակումների, հատկապես, երբ այն բեռ չէ կառավարության և բյուջեի համար, քայլեր ձեռնարկել սոցիալական բնակարանների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու համար», - ասված էր նամակում:

63-ամյա Նելլի Հոսվսեփյանն աղջկա ու թոռների հետ է ապրում։ Ասում է՝ անգամ այդ դեպքում մի կերպ են վարձը վճարում, հիմա չգիտի՝ ինչ են անելու, աղջիկը ընդամենը 100 հազար աշխատավարձ է ստանում, ինքն էլ՝ միայն թոշակ։ Ընտանիքի մյուս անդամները զրկվել են աջակցությունից։

«Հիմա ոչինչ չունեմ: Ի՞նչ անենք, պիտի ինչ-որ ձևով գոյատևենք, եթե այս 40 հազարները կտրեն, չի ստացվելու, մնալու ենք դրսում: 30 հազար ես եմ ստանալու, 100 հազար՝ աղջիկս, իսկ բնակվարձը 180 հազար դրամ է», - ասաց նա:

Հազարավոր արցախցիներ կառավարության աջակցությունից դուրս էին մնացել ապրիլից, սակայն նրանց՝ մարտից մեկնարկած բողոքի ակցիաներից հետո կառավարությունը որոշեց ևս երկու ամիս գումարը վճարել։ Գործադիրից հայտնել էին, թե արցախցիների աջակցության ծրագրերի վերաբերյալ ստացված առաջարկների քննարկման համար ժամանակ է պետք:

Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ծրագրում նոր փոփոխություններ չեն նախատեսում։

«Տեղահանված հայրենակիցներին վերաբերող աջակցության ծրագրի շուրջ, ինչպես տեղյակ եք, անընդհատ քննարկումներ, հանդիպումներ և այլն ունենում ենք: Կայացած հանդիպումների, քննարկումների արդյունքում փոփոխություններ, որոնք նախատեսված չեն, վերաբերում են բնակապահովման պետական աջակցության ծրագրին: Բազմիցս ծրագիրը քննարկվել է, ու դրա արդյունքում ունենք փոփոխությունների բավականին մեծ փաթեթ, որը նախատեսում ենք առաջիկայում ներկայացնել կառավարության հավանությանը: Ինչ վերաբերում է սոցիալական աջակցության ծրագրերին, այս պահին ֆինանսական աջակցության ծրագրերում փոփոխություններ նախատեսված չեն», - ասաց նա՝ հավելելով, որ այս պահին ընթացքի մեջ է աջակցության 2 ծրագիր:

40 հազարական դրամ աջակցությունից կշարունակեն օգտվել սահմանափակ թվով արցախցիներ՝ միայն անչափահասները կամ 18 տարեկանը լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները, 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները:

Նյութի ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG