Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ու ԱՄԷ նախագահները, քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը կրկին ասել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստակամություն հայտնել Իրանի և Իսրայելի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու հարցում։ Ըստ հաղորդագրության՝ առաջնորդները կոչ են արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ Իսրայելը մեծ սխալ է թույլ տվել և դրա համար կպատժվի:
«ժողովուրդը չի մոռանա իրենց տարածքի վրա հարձակումը», - «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը։
Իրանի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված ուղերձում իսլամական հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին նաև ասել է. «Միացյալ Նահանգների կողմից Իրանին հասցված ցանկացած հարված անդառնալի և ծանր հետևանք կունենա»։
«Իրանն օժտված է Իսրայելի խելագար հարձակումներից պաշտպանվելու բոլոր օրինական, լեգիտիմ և բնական իրավունքներով», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով, Իսրայելը Իրանին հարվածեց՝ «չսպասելով միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին»։
«Իսկ Գազայում ցեղասպանության հարցում Նեթանյահուն գերազանցել է Հիտլերին», - եզրափակել է Էրդողանը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին ուղղակի ռազմական օգնությունը կարող է արմատապես անկայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվան կապի մեջ է ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի հետ։